Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ժամանակակիցները նրան կոչում էին ռուս Լեոնարդո դա Վինչի, մեր ժամանակների Պասկալ, դարի համր բարձրաքանդակ, սարսափելի ժամանակաշրջանի հանճար, նոր Լոմոնոսով․․․

Ժամանակակիցները նրան կոչում էին ռուս Լեոնարդո դա Վինչի, մեր ժամանակների Պասկալ, դարի համր բարձրաքանդակ, սարսափելի ժամանակաշրջանի հանճար, նոր Լոմոնոսով․․․
21.04.2023 | 10:37

«Ճշգրիտ մաթեմատիկական մտածողությունն ինձ մոտ սապարովյան, հայկական արյան ժառանգությունն է»․ Հայր Պավել Ֆլորենսկի

Նրա մահով ավարտվեց արծաթե դարը․․․

(սկիզբը`այստեղ)

Ֆլորենսկու առաջին գիտական աշխատությունները տպագրվում են ուսանողական տարիներին։ 1904-ին «Новый путь» և «Весы» ամսագրերում հայտնվում են «Об одной предпосылке мировоззрения» և «О символах бесконечности» հոդվածները՝ միաժամանակ շոշափելով գիտության փիլիսոփայական և մաթեմատիկական ոլորտները։
Մոսկվայի հոգևոր ակադեմիայում ուսանելու տարիներին նրա մոտ միտք է ծագում միավորելու աշխարհիկ մշակույթն ու եկեղեցականությունը, փորձելու սինթեզել գիտափիլիսոփայական աշխարհայացքն ու եկեղեցական պոստուլատները, ինչպես նաև արվեստը։ Արդյունքում սկսում է գրել առաջին լուրջ հետազոտական աշխատանքը՝ «Ճշմարտության սյունը և հիմքը» աշխատությունը, որն ավարտում է 1908-ին և արժանանում Մակարիևի հեղինակավոր մրցանակին։ Այս աշխատությամբ Ֆլորենսկին դասվում է ռուս նշանավոր կրոնական մտածողների շարքին։
Աստվածաբանական ակադեմիայում սովորելու ընթացքում միանում է Պայքարի քրիստոնեական եղբայրությանը, որի անդամներն էին՝ Ս. Բուլգակովը, Ա. Էլչանինովը, Վ. Էռնը, Վ. Սվետնիցկին և Ա. Վոլժսկին։ 1906 թ-ի գարնանը տեղի է ունենում Մոսկվայի աստվածաբանական ակադեմիայի ժողով, որտեղ Պավելը հնչեցնում է «Արյան ճիչը» ռեզոնանսային ելույթը լեյտենանտ Շմիդտի մահապատժի և արյունալի հակամարտությունների սանձազերծման դեմ: Քարոզը գնահատվում է որպես անօրինական քաղաքական գործողություն և դառնում է Ֆլորենսկու ձերբակալության (ձերբակալվել է 26.03.1906 թ.) և Մոսկվայի նահանգային բանտում երեք ամսով բանտարկության պատճառ։ Բարեբախտաբար նրան բանտարկյալի ճակատագրից փրկում է հոգևոր իշխանությունների միջամտությունը, որոնք միջնորդություն են ներկայացնում, և նա 30. 03.1906 թ. ազատ է արձակվում։
1908 թ․ ավարտում է ակադեմիան և նույն թվականի սեպտեմբերի 23-ին, երկու փորձնական դասախոսություններ կարդալուց հետո, հաստատվում է Մոսկվայի հոգևոր ակադեմիայի փիլիսոփայության ամբիոնում (1908-1919 թթ․) որպես դասախոս, այնուհետև դառնում է պրոֆեսոր, փիլիսոփայության ամբիոնի վարիչ և «Աստվածաբանական տեղեկագիր» ակադեմիական ամսագրի խմբագիր (1912-1917 թթ․)։ Նոր խմբագիրն ընթերցողներին զարմացնում էր իր «մոդեռնիզմով»՝ թվերի տեսության և այլ մաթեմատիկական խնդիրների վերաբերյալ հոդվածների հրապարակմամբ։ Նա նաև ամսագրին աշխատում է տալ պատմական բնույթ՝ տպագրելով մի շարք փաստաթղթեր, որոնք լուսաբանում էին 18-19-րդ դարերի դպրոցների գործունեությունը։
Փիլիսոփայությունը, որը Ֆլորենսկին անվանում էր «իրական սեր առ իմաստություն», նրա համար դառնում է ճշմարտության հանդեպ սիրո խորհրդանիշ և աստվածաբանության հոմանիշ: Իր առաջին դասախոսական դասընթացը՝ «Իդեալիզմի մարդկային արմատները», Ֆլորենսկին նվիրում է Պլատոնի աշխարհայացքի կրոնական մեկնաբանությանը։ Գնահատելով Ֆլորենսկու ներդրումը պլատոնիզմի ուսումնասիրության մեջ՝ ակադեմիկոս Ա․Ֆ․ Լոսևը գրել է․ «Նա տվեց պլատոնիզմի հայեցակարգը՝ խորությամբ և նրբությամբ գերազանցելով այն ամենը, ինչ ես երբևէ կարդացել եմ Պլատոնի մասին»։
1910 թ․ ամռանը Ֆլորենսկին ամուսնանում է Աննա Գիացինտովայի՝ իր ընկերոջ քրոջ հետ, որը տարրական դպրոցի ուսուցչուհի էր։ Աննա Միխայելովնան համեստ, սիրող, բացառիկ հոգատար կին էր, որը Ֆլորենսկուն պարգևում է 5 զավակ՝ Վասիլի, Կիրիլ, Միխայիլ, Օլգա և Մարիա (Թինատին)։ Ավելի ուշ հենց նա է պահպանում Սերգիև Պոսադի իրենց տունը և Ֆլորենսկու ձեռագիր ժառանգությունը։
1911 թ. ապրիլի 23-ին Ֆլորենսկին ընդունում է հոգևոր աստիճան՝ ձեռնադրվելով սարկավագ, իսկ հաջորդ օրը՝ քահանա՝ ծառայության անցնելով Սերգիև Պոսադի Կարմիր Խաչի Ողորմության քույրերի ապաստան եկեղեցում, որտեղ ծառայում է մինչև 1921-ի մայիսը:
1912 թ․ նա պաշտպանում է մագիստրոսական ատենախոսություն․ «Հոգևոր ճշմարտության մասին» խորագրով, որի հիմքում ընկած է «Կրոնական ճշմարտության մասին» թեկնածուական աշխատանքը, իսկ 1914 թ․ մայիսի 19-ին հաստատվում է նրա աստվածաբանության գծով մագիստրոսական աստիճանը և Մոսկվայի հոգևոր ակադեմիայում էքստրաօրդինար պրոֆեսորի աստիճանը։
Նրա համար շատ կարևոր էր հոգևոր արժեքների տարածումը երիտասարդության լայն զանգվածներում․ երբ Հոգևոր ակադեմիան պաշտոնապես փակվում է, հայր Պավելն այն եզակի պրոֆեսորներից էր, որ շարունակում է դասավանդել Մոսկվա տեղափոխված (1918 թ․) և պաշտոնապես արգելված այդ հաստատությունում մինչև 20-ական թթ։ Բացի այդ, 1918 թվականից հանդես է գալիս մոսկովյան տարբեր ընկերություններում կրոնափիլիսոփայական դասախոսություններով։
1917-ից աշխատելով Սերգիևյան մանկավարժական ինստիտուտում՝ մշակում է երկրաչափության դասավանդման մեթոդիկայի դասընթացներ, ձեռնամուխ լինում մաթեմատիկական հանրագիտարանի ստեղծմանը։
Եվ, ամենայն հավանականությամբ, նա այսպես էլ կդասավանդեր ակադեմիայում, կգրեր աստվածաբանության ու արվեստի պատմության վերաբերյալ գործեր, եթե չլիներ 1917-ի հեղափոխությունը։
1917 թ․ Հոկտեմբերյան հեղափոխությունը և նրան հաջորդած տարիները խորհրդանշվում են եկեղեցիների քանդումով և կողոպուտով, հոգևոր արժեքների բարբարոսական ոչնչացումով։ Եկեղեցին ոչնչացնելու հակակրոնական արշավի գագաթնակետին (1921-1922) բոլշևիկները աքսորում և գնդակահարում են հոգևորականներին ու հավատացյալներին, ոչնչացնում անգին սրբապատկերներն ու եկեղեցական արվեստի գործերը։ Այս ողբերգական ժամանակաշրջանում՝ 1918-ին Ֆլորենսկին ավարտում է «Ակնարկներ պաշտամունքի փիլիսոփայության մասին» աշխատությունը, իսկ չորս տարի անց լույս է տեսնում նրա «Իկոնոստաս» գիրքը, որը արվեստաբանական գրականության մեջ թերևս բացառիկ ստեղծագործություններից մեկն է։ Այս աշխատությամբ Ֆլորենսկին բացատրում է սրբապատկերի մետաֆիզիկական բովանդակությունը և ապացուցում նրանց արժեքը մարդկության պատմության համար։
Արդեն 20-ականներին քահանա Ֆլորենսկին քաղաքակրթության փլուզման պատճառը տեսնում էր նրա ոգեղենության անկման մեջ։
1921-ին փակվում է Հոգևոր ակադեմիան, որտեղ ծառայում էր հայր Պավելը։ Նույն թվին փակվում է և Սերգիև Պոսադի վանքը, որտեղ նա քահանա էր։ Եվ նա ստիպված վերադառնում է աշխարհիկ կյանքի` արիաբար չհանելով իր քահանայական կապան՝ շեշտելով իր նվիրվածությունն ուղղափառ եկեղեցուն։ Այդ թվերին նման պահվածքն իսկական մարտահրավեր էր և խոսում էր հզոր ու անկեղծ հավատքի, նվիրվածությանը եկեղեցուն և ամուր բնավորության մասին:
1921 թվականից նա Վխուտեմաս (ռուս.՝ Вхутемас, Высшие художественно-технические мастерские, Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցներ, դասընթացներ) ուսումնական հաստատությունում սկսում է դասախոսություններ կարդալ արվեստի տեսության վերաբերյալ։ Նաև աշխատանքի է ընդունվում Ռուսաստանի էլեկտրատեխնիկական ինստիտուտում՝ երկրի էլեկտրաֆիկացման ծրագրով, մշակում է ռուսական մեկուսիչ նյութ ԳՈԵԼՐՈ-ի (Ռուսաստանի էլեկտրաֆիկացման պետական հանձնաժողով) համար, որը դառնում է հեղափոխությունից հետո Ռուսաստանում ընդունված և իրականացված տնտեսության զարգացման առաջին երկարաժամկետ ծրագիրը։ Ֆլորենսկին հիմնադիրներից մեկն էր։
Նաև Գլավէներգո-ի (Главэнерго Главное управление энергетического хозяйства Народного комиссариата тяжёлой промышленности СССР) առաջատար մասնագետներից էր։ Այստեղ նա մշակում է կիսահաղորդիչների օգտագործման տեսությունն ու պրակտիկան, ստեղծում պլաստիկի հատուկ տեսակ՝ կարբոլիտ, որն անվանվում է «Ֆլորենսկու պլաստիկ»։ Աայստեղ աշխատում է մինչև 1924 թվականը։
Փաստորեն Հայր Պավելը հոգևորականության շրջանում առաջիններից էր, որ ծառայելով եկեղեցուն, սկսում է աշխատել խորհրդային հաստատություններում, ընդհուպ մինչև 1928 թ․։ Թեև 1917 թ․ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո գիտակցում էր իրեն և իր ընտանիքին սպառնացող վտանգը՝ այլ մտավորականների պես չի լքում հայրենիքը (1922 թ-ին երկու՝ «Օբերբուրգոմիստր Հաքեն» և «Պրուսիա» շոգենավերով հայրենիքից հավիտյան հեռանում են ռուս մտավորականները՝ 120 հոգի՝ իրենց ընտանիքներով։ Այդ նավերից մեկով հնարավորություն ուներ մեկնելու նաև Ֆլորենսկին, բայց․․․), քանզի գտնում էր, որ հենց այդ խառնիճաղանջ ժամանակներում էր առավել անհրաժեշտ և կարևոր մտավորականների գործունեությունը՝ հոգևոր և մշակութային արժեքների պահպանման համար։
Հանուն այդ գաղափարների՝ նա 1918 թ․ մասնակցում է արվեստի հուշարձանների պահպանման գծով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին, ինչի արդյունքում եկեղեցական սեփականությունը՝ Երրորդություն- Սերգիուս Լավրայի պատմագեղարվեստական ահռելի հարստության վերգրությունը, թալանից փրկվում է և դառնում համաժողովրդական ազգային անգնահատելի արժեք։ Նաև, հանձնաժողովի ստեղծած նախադրյալների շնորհիվ Երրորդություն-Սերգիուս Լավրան Լենինի ստորագրած դեկրետի համաձայն՝ վերածվում է «Պատմագեղարվեստական արժեքների» թանգարանի։ Նա, մեծ վտանգի ենթարկվելով, փրկում է նաև Սուրբ Սերգիոսի մասունքները, երբ իշխանությունները, ըստ պաշտոնական պատրվակով, դրանք թանգարան տեղափոխելու համար ցանկանում են բռնագրավել։ Հայր Պավելը, Ս. կոմս Յու. Ա. Օլսուֆիևի հետ, Սերգիուսի գլուխը փոխարինելով տաճարի նկուղներից վերցված մեկ ուրիշով, փրկում է այն պղծումից: Անգնահատելի է հայր Պավել Ֆլորենսկու այս սխրանքը՝ Երրորդություն-Սերգիուս Լավրայի պատմական սրբավայրերի և մշակութային արժեքների փրկությունը բոլշևիկների կողմից ոչնչացումից, որը Ֆլորենսկին անվանում էր մշակույթի ազգային անատոմիայի կենտրոն։
Բայց, ավա՜ղ, նրա այս քայլը ոչ միայն չի գնահատվում, այլև մշակութային գոհարների պահպանման թանգարանային աշխատանքների համար ստեղծված հանձնաժողովի գործունեությունը դատապարտվում է որպես «ուղղափառ Վատիկան» ստեղծելու հակահեղափոխական փորձ, և հայր Պավելի ամբողջ մշակութային և գիտական գործունեությունը ենթարկվում է հետևողական հալածանքի 15 տարի շարունակ (1918-1933 թթ․)․ Այդուհանդերձ, այդ տարիներին, չդադարեցնելով բարոյական ճնշումը, խորհրդային կառավարությունը նրան չի զրկում իր գիտական միտքը կիրառական ֆիզիկայի բնագավառում օգտագործելուց, ինչի արդյունքում կատարում է մի շարք հայտնագործություններ գիտության և տեխնիկայի բնագավառում։ Պրոֆեսորի հաջորդ հիմնարար գիտական աշխատանքը՝ «Դիէլեկտրիկները և դրանց տեխնիկական կիրառումը» լույս է տեսնում 1924 թ.։ Գիրքը ճանաչվում է այն ժամանակվա կարևորագույն հետազոտական աշխատանքը։ Մի քանի տարի անց (1928) հրապարակվում է նաև «Կարբոլիտ։ Նրա արտադրությունն ու հատկությունները» գիրքը։
1927-1933 թթ․ Պավել Ֆլորենսկին ստանձնում է «Տեխնիկական հանրագիտարան» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը, որի համար գրում է ավելի քան 150 հետաքրքիր հոդված։ Միաժամանակ լույս են տեսնում «Մտքի ջրբաժանների մոտ» և «Երևակայությունները երկրաչափության մեջ» գրքերը։ Այս բոլոր տարիներին Ֆլորենսկուն իր գիտական գործունեության մեջ աջակցում է Լև Տրոցկին, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, ճակատագրական դեր է խաղում նրա հետագա կյանքում:
(շարունակելի)

Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 16129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ